Բարև, ես եմ

Բարև հարգելի ընթերցող

Ես Սուսաննան եմ, մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան: Բայց նախքան մասնագիտացումը եղել եմ Սեբաստացի: Ո՛չ, դա համայնքի մասին չէ, այլ այն վայրի, որտեղ ես կրթվել եմ, շփվել տարբեր մարդկանց հետ, ընկերներ ձեռք բերել, սիրել եմ ու ինձ լավ եմ զգացել, մեծացել եմ ու, ինչու չէ, նաև դաստիարակվել: Ասում են դպրոցը երկրորդ տունն է, և որքան էլ դա թևավոր խոսք է դարձել, բայց դա այդպես է: Վստահ եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր սաները կհաստատեն դա, քանի որ այն մթնոլորտը, այն ազատությունն ու հանգստությունը, որ տիրում է կրթահամալիրում, իսկապես հարազատ հույզեր է արթնացնում: Հենց այդ ամենի շնորհիվ է, որ կարողացել եմ իմ էությանը համապատասխան մասնագիտություն ընտրեմ, քանի որ հնարավորություն եմ ունեցել տարբեր մասնագիտական ոլորտներում ինձ փորձեմ: Կրթահամալիրում ունեցել եմ լրագրողի, ֆոտոլրագրողի գործունեություն, բայց այդ ամենին հակառակ տասներորդ դասարանում որոշեցի, որ հոգեբան եմ դառնալու ու որոշումս հաստատուն մնաց: Ընդունվեցի համալսարան ու երազանքս իրականացավ… Ամեն տարի կուրսից կուրս տեղափոխվելիս ուրախություն էի զգում ու համոզվում, որ մասնագիտության ընտրությունս զուր չէ: Իսկ այն, որ համալսարանի կրթական համակարգը առցանց համակարգով էր, ոչ մի դժվարություն չառաջացրեց, քանի որ ես էդպես էի սովորել. հասարակ տեքստի մուտքագրումից մինչև սլայդերի պատրաստումը ուրիշների մոտ շատ դժվար էր ստացվում: Կրթության ընթացքում սովորեցի կրթության առանձնահատուկ կարիքն ունեցող երեխաների առանձնահատկությունների ու նրանց հետ աշխատելու ձևերի մասին, մինչդեռ կրթահամալիրում ունեցել էի այդպիսի համադասարանցիներ: Ուսումնական պրակտիկաների ժամանակ հնարավորություն եմ ունեցել աշխատել այդպիսի երեխաների հետ, որն ինձ համար մեծ փորձի ձեռքբերում է եղել։ Ինչ խոսք, նրանց հետ դժվար է, բայց հետաքրքիր, մանավանդ երբ փոքրիկ առաջընթաց, արդյունք ես նկատում, մեծ ուրախություն ես զգում: Սակայն միայն հատուկ կարիքներով երեխաների հետ չէր սահմանափակվում աշխատանքս։ Առիթ եմ ունեցել աշխատել նաև դեռահասների հետ։ Ինչպես գիտենք դեռահասությանը շրջանը ճգնաժամերով լի ամենաբուռն տարիքն է համարվում և այդ ժամանակ առաջ են գալիս բազում հոգեբանական խնդիրներ։ Այդ ոլորտում էլ ինձ փորձեցի։

Այն միտքը, որ պետք է աշխատեմ երեխաների հետ մեծ պատասխանատվության զգացում է առաջացնում։ Ինձ երբեք չեմ պատկերացրել երեխաների մեջ, սակայն պրակտիկաների ու որոշ աշխատանքային փորձի արդյունքում եկա այն եզրակացության, որ հենց իրենց եմ ես պետք, իրենց հետ ինձ ավելի լավ եմ զգում: Այժմ սովորելով մագիստրատուրայում ավելի շատ գիտելիքներ ստանալու ակնկալիքներ ունեմ, (չնայած, որ չեմ դադարում զբաղվել ինքնակրթությամբ) որոնց կիրառումը աշխատանքում ավելի արդյունավետ կդարձնի այն:

Հոգեբանության գիտելիքները ինձ հնարավորություն են տվել նաև բացահայտել ինքս ինձ: Սկսել եմ ավելի լավ ճանաչել ինձ ու գտել եմ իմ ուժեղ ու թույլ կողմերը: Անձնային առանձնահատկություններ, որոնց մասին այնքան էլ լավ չգիտեի, անգամ ռեսուրսներ, որոնք օգտագործում եմ: Իմ մեջ բացահայտել եմ հոգեբանին հատուկ մի շատ կարևոր հատկություն, որն էլ երևի իմ հոգեբանի մասնագիտությունն ընտրելու պատճառներից մեկն է. Մարդկանց մեջ միշտ կարողանում եմ լավը տեսնել, եթե անգամ ինձ վատ բնութագիր էլ տան, շարունակում եմ տվյալ անձի մեջ տեսնել ու փնտրել լավ որակներ: Դա ինձ իսկապես շատ է օգնում: Սակայն ինչ մասնագետ էլ լինենք, մենք փոխվում ենք. փոխվում են մեր մտքերը, գաղափարները, մտածելակերպը, աշխարհայացքը, ուստի մշտապես ինքնազարգացման, ինքնավերլուծության ու ինքնաբացահայտման կարիք ունենք: