Մանկական վախեր

 Մանկությունը նորածնությունից մինչև ամբողջական սոցիալական, և հետևաբար հոգեբանական հասունություն շարունակվող փուլն է, երեխայի, որպես մարդկային հասարակական լիիրավ անդամ դառնալու շրջանը։ 
Մանկության ընթացքում սովորաբար առանձնացնում են մանկիկության շրջանը, վաղ մանկությունը, նախադպրոցական տարիքը, կրտսեր դպրոցական տարիքը:  Յուրաքանչյուր տարիքային փուլերում դրսևորվում են տարիքային ճգնաժամեր, որոնք նպաստում են երեխայի զարգացմանը: Տեղի է ունենում իմացական գործընթացների աստիճանաբար զարգացում:
Օնտոգենեզի ընթացքում, ինչպես ցանկացած հոգեկան երևույթի, այնպես էլ ես-կոնցեպցիայի ու ինքնագնահատականի ձևավորման զգայուն շրջաններ կարելի է առանձնացնել. դրանք ինքնագիտակցության տարիքային վերակառուցումների ճգնաժամային շրջաններն են, որոնց ընթացքում աձը սկսում է. ընկալել իրեն որպես նոր ակտիվության սուբյեկտ (տեսակային, սեռային և այլն), ձևավորել սեփական ես-կոնցեպցիան, ինքնագնահատականը և ընդունել իրեն որպես տվյալ ակտիվության սուբյեկտ, ինքնահաստատվել որպես տվյալ ակտիվության սուբյեկտ:

Տարբեր քաղաքակրթություններում երեխաները զարգացման ընթացքում ապրում են մի շարք ընդհանուր վախեր՝ նախադպրոցական տարիքում մորից բաժանվելու, մթության ու կենդանիներից վախերը, 6-8 տարեկանում՝ մահվան վախը և այլն: Դա ապացուցում է զարգացման օրինաչափությունները, երբ զարգացող հոգեկան կառույցները սոցիալական գործոնների ազդեցության տակ հիմք են հանդիսանում նույն վախերի առաջացման համար:

Վախի տարիքային դինամիկան

  
  Երեխայի կյանքի առաջին ամիսներին անհանգստությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ չեն բավարարում կենսակարևոր պահանջմուքները՝ սնունդ, քուն, ակտիվություն, ջերմություն և այլն, այսինքն՝ այն ամենը, ինչ որոշում է նորածնի ֆիզիակական և հուզական շփումները, որի բավարարման աստիճանը մոր կողմից ազդում է երեխայի հուզական զարգացման և տոնուսի վրա: Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխան ժպիտն է:
  Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացման կոմպլեքսը. Երեխան անհանգստանում է մոր բացակայության ժամանակ և նոր շրջապատում: Մոր բացակայության դեպքում անհանգստությունը առավել ցայտուն է դառնում 7, իսկ օտար դեմքերից վախը 8-րդ ամսում, ինչը վկայում է, որ երեխան տարբերակում է մոր դեմքը և ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում: Այսինքն՝ մոր բացակայությունը առաջին տրավմատիկ փորձն է, որի հետագա ամրապնդումը բերում է միայնության վախի առաջացմանը և ընդհանուր տագնապությանը:
  7-9 ամիսները տագնապի ու վախի զարգացման համար բավական զգայուն շրջան են: Այս տարիքում անփոխարինելի դեր ունի նաև հայրը: Հոր հետ խաղալիս երեխայի հուզական կապը նրա հետ ավելի է ամրապնդվում: Հակառակ դեպքում երեխան սկսում է վախենալ ծնողների սպասումներին չհամապատասխանելուց և պատժվելուց:
Այս տարիքին բնորոշ են վախը օտար մարդկանցից, որոշ անծանոթ առարկաներից, ջրից, լողալուց:
 1-3 տարեկան հասակում առաջանում են նոր վախեր, հատկապես երազներում: Մղձավանջային երազների գլխավոր դերակատարը հիմնականում հանդիսանում է գայլը: Նրա պատկերը առաջ է գալիս հեքիաթներ լսելուց հետո, հատկապես այն երեխաների մոտ, ովքեր վախենում են հորից: 4 տարեկանի մոտ երազներում կարող է հայտնվել նաև հեքիաթային ու այլ մուլտհերոսներ, ինչն արտացոլում է երեխայի ու մոր ոչ ադեկվատ հարաբերությունները մոր չափազանց խիստ լինելու դեպքում:

Ահա թե ինչու 2  և 3 տարեկան երեխաները ծնողներին խնդրում են սպանել գայլին ու մյուս հերոսներին սարսափելի երազներից ազատվելու համար: Նման խնդրանքները չպետք է աչքաթող անել և հաշվել դատարկ քմահաճույքներ, քանի որ դրանք, ապրելով երեխայի ենթագիտակցության մեջ, միշտ վկայում են ինչ-որ տագնապալի երևույթների մասին, որոնք որպես կանոն պայմանավորված են մեծահասակների հետ փոխհարաբերություններով: Այս տարիքին բնորոշ են հատկապես վախերը մոր հետ բաժանվելուց, որոշ առարակներից հեքիաթային հերոսներից և գիշերային վախերը:
  3-5 տարեկանում մեծանում է երեխայի ինքնուրույնությունը, զարգանում է ֆանտազիան, դրա հետ մեկտեղ նաև երևակայական վախերի հավանականությունը: Բնորոշ են միայնության, մթի ու փակ տարածության, ծնողների կամ այլ մեծահասակի բղավելու վախերը: Երեխան վախենում է միայնակ քնելուց, անընդհատ կանչում է մորը, ստիպում է, որ լույսը վառ թողնեն, իսկ դուռը՝ կիսաբաց: Ահանգստությունը կարող ե նաև ավելանալ մղձավանջային երազներ սպասելուց: Ծնողները պետք է խնդիր չդարձնեն նման տարիքային վախերը, ճիշտ ժամանակին հանգստացնեն երեխային, նուրբ խոսեն նրա հետ և հատկապես երեխայի հետ զբաղվեն ցերեկը, որ քնելու ժամանակ չառաջանան ավելորդ նևրոտիկ պահանջներ: Երեխան կարող է վախենալ փակ տարածությունից, հատկապես եթե մնում է մենակ կամ փակվում է որևէ սենյակում որպես պատիժ: Նման դաստիարակչական մեթոդները բազմաթիվ շեղումների հիմք կարող են ծառայել՝ կակազություն, նյարդային տիկեր և այլն:
 5-7 տարեկանում առաջատար է մահվան վախը: Նրա առաջացումը նշանակում է ժամանակի ու տարածության մեջ տեղի ունեցող տարիքային փոփոխությունների սպառնալիության գիտակցում: Դա կարող է արտահայտվել այն դեպքում, եթե ծնողները երեխայից պահանջում են ավելի մեծ ինքնուրույնություն, քան ինքը ունակ է: Մահվան վախը բարոյական-էթիկական կատերգորիա է, որ նշում է զգացմունքների հասունության, խորության մասին, ու այդ պատճառով առավել արտահայտված է հուզականորեն զգայուն և տպավորվող երեխաների մոտ, որոնք ունակ են աբստրակտ մտածելու:

Ըստ հետազոտությունների, մահվան վախը սերտ կապված է հարձակման, մթի, երազային հերոսների, հիվանդույթունների և ծնողների մահվան, մղձավանջային երազների, կենդանիների, աղետների, կրակի, հրդեհի ու պատերազմների վախերի մասին: Վերջին 6 վախերը տիպիկ են հատկապես բարձր նախադպրոցական տարիքի երեխաների համար: Այս տարիքին բնորոշ է նաև ուշանալու վախը, որը հիվանդագին սրացած է ու չլուծվող ներքին անհանգստության նախանշան է, այսինքն նյարդային տագնապություն, երբ անցյալը վախեցնում է, ապագան տագնապ է ներշնչում, իսկ ներկան անհանգստացնում: Մահվան վախի դրսևորման նևրոտիկ ձևը հանդիսանում է վարակվելու վախը: Սովորաբար մեծերի կողմից ներշնչված հիվանդությունների վախ է, որոնցից ըստ իրենց խոսքերի կարելի է մահանալ:
 7-11 տարեկանի սոցիալալական դիրքը մեծ պատասխանատվության, պարտքի, պարտականության  զգացողություն է դնում, ինչը ազդում է անձի բարոյական կողմերի զարգացմանը: Սա արտահայտվում է ծնողների մահվան վախի սրացման մեջ: Եթե մինչդպրոցական հասակում գերակշռում են ինքնապահպանման բնազդի հետ կապված վախերը, ապա այդ ժամանակ առաջանում են սոցիալական վախեր, որոնցից գերակշռում է վախը չլինել այն, ում մասին այդքան խոսում են ու հարգում, գնահատում և հասկանում են: Դա շրջապատող իրականության սոցիալական պահանջներին չհամապատասխանելու վախն է:
11-16 տարեկանում վախերը կապված են ֆիզիկական փոփոխությունների հետ, քանի որ սեռական զարգացման շրջանում տեղի են ունենում օրգանիզմի փոփոխություններ: Բնորոշ են մահվան վախը, հիվանդանալու, աղետների վախերը: Վերջին երկուսը գերակշռում են աղջիկների մոտ:

Վախերի տեսակները

  1. Կպչուն վախեր` որոնք երեխաները զգում են որոշակի իրավիճակներում, դրանց շարքին է դասվում, օրինակ, վախը բարձրությունից, փակ կամ բաց տարածքներից և այլն:
  2. Ցնորային վախեր` սա վախերի ամենադժվար տեսակներից է, օրինակ, երեխան կարող է վախենալ հագնել կոշիկները, քանի որ նա դրանցով ընկել և վնասվել է: Հիմա էլ վախենում է, որ եթե հագնի նույն հագուստը կամ խաղա նույն խաղալիքով, վտանգավոր իրավիճակը կարող է կրկնվել:
  3. Գերարժևորված վախեր` սրանք մանկական վախերի ամենատարածված տեսակներն են և կապված են երեխայի ֆանտազիաների հետ: 

Այսպիսի վախերի վրա, որպես կանոն, երեխաները սևեռվում են և չեն կարողանում դուրս մղել սեփական երևակայությունից: Վախերի այս շարքին կարող ենք դասել վախը մթությունից, որտեղ երեխայի երևակայությունը ստեղծում է սարսափելի կախարդներ, հեքիաթային կերպարներ: Կան վախեր, որոնք միաժամանակ երկու խմբերի են դասվում` օրինակ, վախը ջրից կարող է դասվել և՛ կպչուն, և՛ գերարժևորված վախերի շարքին: Եթե, օրինակ, երեխան երբևէ ջրում հայտնվել է վտանգավոր իրավիճակում եւ այժմ վախենում է ջրից, ուրեմն դա կպչուն վախ է, իսկ եթե ոչ, ապա ուղղակի գերարժևորված: 

Վախերի առաջացման պատճառները

Մանկական վախերը բազմազան են: Դրանք կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներից: Բացի ձեռքբերովի վախերից,որոնք առաջանում են այս կամ այն արտաքին իրավիճակներին ի պատասխան, կարող են լինել նաև տարիքային վախեր, որոնք բնական են և ժամանակավոր բնույթ են կրում,եթե երեխային շրջապատող միջավայրում սթրեսային իրադրություններ չեն լինում:
Մանկական վախերի առաջացման ամենապարզ պատճառներից են իրականում տեղի ունեցող դեպքերը, որոնք տեղի են ունենում երեխայի հետ (օրինակ, վախը, որ առաջացել է շան հանկարծակի հաչոցից): Նման վախերը հոգեբաններն ամենահեշտն են վերացնում: Ավելի բարդ է պայքարել ֆանտազիաներից առաջացող կամ մեծահասակների կողմից ներշնչվող (օրինակ, Մեշոկ պապով վախեցնելը) վախերի դեմ:
 Մանկական վախերի ևս մեկ աղբյուր է ծնողների մշտական զգուշացումները հնարավոր վնասվածքների, պատահարների մասին կամ պատժի սպառնալիքները:
Մանկական վախը կարող է առաջանալ նաև ընտանեկան վեճերի պատճառով, որոնք ուղեկցվում են գոռոցներով  և սպառնալիքներով:
 Վախերի սրության հարցում մեծ դեր ունեն նաև երեխայի բնավորության առանձնահատկությունները՝ նրա տագնապայնության մակարդակը, զգայունակությունը, երեխայի հանդեպ կիրառվող պատիժները և սպառնալիքները, ինչպես նաև համակարգչային խաղերի և մուլտֆիլմերի ազդեցությունը:

  • Ընտանիքը- այն ընտանիքներում , որոնցում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, կոնֆլիկտային հարաբերությունները ընտանիքի անդամների միջև, երեխաներն առավել հաճախ են ունենում զանազան վախեր: Դրանք հիմնականում կապված են լինում ծնողական սերը կորցնելու  հետ:Հաճախ դիտվում են մթության , մենակ մնալու վախը: Երբեմն վախը դրսևորվում է անուղղակի ձևով,օրինակ՝ քնի խանգարումների, վախենալու երազատեսությունների , ախորժակի բացակայության կամ շատակերության տեսքով, երևակայության ակտիվացման տեսքով
  • Ծնողների մեծ սպասելիքները, որոնք չեն համապատասխանում երեխայի տարիքային զարգացման մակարդակին:Նման դեպքերում երեխաների մոտ սրվում է սխալվելու վախը
  • Իրավիճակային վախեր: Երեխաները կարող են վախենալ մեծ շներից, մեքենաներից, բժիշկներից և այլն
  • Համակարգչային խաղերը
  • Չափազանցված խնամքը
  • Մեծահասակների խոսակցությունները հիվանդությունների և դժբախտությունների մասին
  • Ընտանիքում առկա մեծ լարվածությունը և անհամերաշխությունը
  • Ծնողների անվստահությունն իրենց գործողություններում
  • Հասակակիցների հետ շփման բացակայությունը:

Ինչպե՞ս հաղթահարել


Երեխաների «սարսափ պատմությունները», որքան էլ, որ անիմաստ և ծիծաղելի են թվում, չի կարելի անուշադրության մատնել: Մանկական հասակի վախերը հիմք են դառնում հասուն կյանքի նևրոզների համար: Երբեք չի կարելի ծիծաղել երեխաների վախերի վրա, մեղադրել ստախոսության և վախկոտության մեջ: Գոյություն չունեցող հրեշները երեխաների համար լրիվ իրական են: Պետք է թուլացնել լարվածությունը: Քնելուց առաջ երեխայի հետ շրջել տան սենյակի բոլոր մութ անկյուններով, լուսավորել դրանք և համոզվել, որ այնտեղ հրեշներ չկան: Գիշերը կարելի է միացված թողնել թույլ գիշերային լամպ: Երեխային առաջարկել, որ իր հետ քնեցնի սիրելի խաղալիքին՝ որպես իր պաշտպան: Խնդրել, որ նկարի այն, ինչից վախենում է, ապա հարցրել, թե ինչու՞ է այդ հրեշը չարացել, ո՞վ է նրան նեղացրել, ի՞նչ կարելի է անել, որ նա բարիանա և սարսափելի չլինի: Կարելի է նաև պատմել երեխային սեփական կամ մեկ ուրիշի վախի մասին, դրա դրսևորումների մասին և անպայման պատմել երեխային, թե ինչպես այն հաղթահարվեց: Պետք է խրախուսել երեխային, քանի որ վախերը ուղղակիորեն ազդում են ինքնագնահատականի վրա:Հաճախակի նշեք երեխայի ուժեղ կողմերը, դրական խոսքեր ուղղեք նրան և քաջալերեք: Վախերի հաղթահարման գործում կօգնի նաև նկարչությունը:

Оставить комментарий