
Կրթահամալիրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների հետ աշխատանքը ուղղված է հասակակիցների միջավայրում հավասար պայմաններում սովորելուն, շփվելուն, ստեղծագործելուն, զարգանալուն։
Կրթահամալիրում աշխատանքս սկսելով 2019թ. փետրվարից մասնակցություն ունեցա ԿԱՊԿՈՒ սովորողների գնահատման գործընթացին համագործակցելով Երևանի N3 տարածքային մանկավարժահոգեբաբանական աջակցության կենտրոնի մասնագետների հետ։
Գնահատումը անցկացվում է երկու փուլով.
- Դպրոցական մակարդակի գնահատում. Ուսուցչի, ծնողի և ներառականության մասնագետների հետ
- Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների միջամտությամբ
Գնահատումից հետո երեխան ստանում է ախտորոշում և վկայագրվում որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, ըստ որի կազմվում է նաև մասնագիտական աջակցության գրաֆիկը։
Համագործակցություն է հաստատվում նաև երեխայի հետ առնչվող ուսուցիչների հետ երեխայի ընդունակություններին և հնարավորություններին համապատասխան առաջադրանքներ կազմելու հարցում։
2020-2021թթ. ուստարվա աշխատանքների մասին
Ծանոթություն կրթահամալիր նոր ընդունվող սովորողների հետ
Այս ընթացքում ես և հատուկ մանկավարժ, լոգոպեդ Մարիաննան ծանոթանում ենք 2020-2021թթ. ուստարվա համար դիմած հատուկ կարիքով սովորողների հետ, ծանոթացնում դպրոցին թե’ սովորողին, թե’ ծնողին, անցկացնում խորհրդատվական աշխատանք և նախապատրաստվում գնահատման գործընթացին։
Համաճարակից ծնված ընտանեկան դպրոցի մի մասը դառնալով մենք էլ շարունակում ենք համագործակցել ուսուցիչների, ծնողների հետ։ Այս փուլում ուղղորդում ենք ավելի շատ ծնողին, քանի որ նա է երեխայի հետ տանը ուսուցչի, մասնագետի դերում։
Նման աշխատանքներ են նախատեսվում նաև 2020-2021թթ. ուստարվա պլանում.
- Սովորողի կրթական կարիքի գնահատման աշխատանքներ
- Համագործակցություն ծնողի, ուսուցիչների հետ
- Հեռավար պարապմունքների կազմակերպում
- Զարգացնող խաղերի, առաջադրանքների ստեղծում
- Մասնագիտական նյութերի, հոդվածների թարգմանություն, մշակում, համալրում