Հեքիաթաթերապիա

Հեքիաթաթերապիան յուրահատուկ միջոց է այցելուի հետ աշխատանքի համար, որի շնորհիվ բացահայտվում են հոգեթերապևտիկ նշանակություն ունեցող տարրերը: Այս մեթոդը աշխարհի և նրանում փոխհարաբերությունների համակարգի իմաստի փնտրման ու գիտելիքների բացահայտման գործընթաց է, որում կազմավորվում են հեքիաթի և իրական կյանքի իրադարձությունների միջև կապը, հեքիաթային իմաստները տեղափոխվում են իրականություն: Հեքիաթաթերապիան խնդրահարույց իրավիճակների օբյեկտիվ գնահատման, անձի ներուժի, հնարավորությունների խթանման, ինչպես նաև երեխաների էկոլոգիական կրթության և դաստիարակման գործընթաց է: Այն հեքիաթային մթնոլորտի, միջավայրի թերապիա է, որում դրսևորվում, նյութականացվում է անձի երազանքը, իսկ որ ամենակարևորն է՝ «արթնացնում է» ապահովության զգացում

Երեխաների մոտ հեքիաթը կարող է բավարարել արգելքների և կանոնների խախտման պահանջմունքը, առանց որի նրանք չեն կարող իրականացնել անցումը փոքրից դեպի մեծը, հասկանալ սեփական արարքները, պատասխանատվություն կրել դրանց համար: Իսկ անհեթեթության և անմտության պահանջմունքի շնորհիվ հեքիաթը դառնում է միջնորդ երեխայի ներքին (աուտիկ) և արտաքին աշխարհների միջև:

Հեքիաթաթերապիայի հիմնական մեթոդը հանդիսանում է բարոյական կողմնորոշիչների ձևավորումը, երեխայի, պատանու կամ մեծահասակի հոգում Ստեղծարարի զարգացման խթանումը

ԻՆՉՈՒ՞Մ Է ԿԱՅԱՆՈՒՄ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀԵՔԻԱԹԻ ՈՒԺԸ

Այս ֆենոմենի բացատրություններից մեկը կայանում է նրանում, որ հեքիաթի իմաստը միառժամանակ երկու մակարդակում է ընկալվում՝ և՛ գիտակցական, և՛ ենթագիտակցական: Երեխայի գիտակցությունը հեքիաթի բովանդակությունը ընդունում է որպես մտացածին՝ երեխան խղճում է հերոսին, նույնականացնում է իրեն հերոսի հետ և անգամ, երբ տեսնում է, որ հեքիաթը համապատասխանում է իր կյանքի պատմությանը կարծում է, որ դա պատահաբար է ստացվել:
Ենթագիտակցությունը «հավատում» է լսածին և երեխայի վարքին համապատասխան ծրագիր է տալիս, արժեքների վերակառուցում, հայացքների և դիրքորոշումների փոփոխություն է տեղի ունենում:

ԻՆՉՊԵ՞Ս ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀԵՔԻԱԹ ԳՐԵԼ
Որպեսզի հեքիաթը կամ պատմությունը ուժ ունենա, օգնող կամ դաստիարակող ազդեցություն ունենա, պետք է հետևել դրա կառուցման կոնկրետ կանոններին.

  1. Հեքիաթը պետք է ինչ որ բանով նույնականացվի երեխայի խնդրի հետ, բայց ոչ մի դեպքում ամբողջությամբ նույնը չլինի:
  2. Այն պետք է ընդհանուր ձևով անդրադարձ լինի երեխայի խնդրին
  3. Այն պետք է խնդրի լուծման տարբերակներ առաջարկի, որոնք լսելով երեխան կարող է գտնել իր խնդիրների լուծման հնարավոր ելքերը:
  4. Հեքիաթի սյուժեն պետք է ըստ կոնկրետ հերթականության զարգանա:

Թերապևտիկ հեքիաթի կազմման ձևը ըստ Ռ. Գարդների
Ռ. Գարդները մշակել է խաղ-մեթոդիկա: Սկզբում նա ծանոթացնում էր երեխային նախապատրաստվող խաղի պայմանների հետ.

  1. Պատմվածքը պետք է լինի հետաքրքիր և արկածային
  2. Չի կարելի վերապատմել այն, ինչ երեխան տեսել է հեռուստացույցով, կամ այն ինչ իր հետ իրականում տեղի է ունեցել
  3. Պատմությունը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ
  4. Այն իր մեջ պետք է կոնկրետ դաս պարունակի

Երբ երեխայի պատմվածքը պատրաստ էր, թերապևտը հորինում է իր պատմությունը նույն գործող անձանցով և բովանդակային նմանությամբ, սակայն ներդնելով դրանում առողջ ադապտացիայի տարրեր, որոնք բացակայում էին երեխայի պատմվածքում:

Կարդա՞լ, թե՞ պատմել
Ավելի լավ է կարդա՞լ, թե՞ պատմել հարցին պատասխանելիս, հոգեբանները նախընտրությունը տալիս են պատմելուն, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել հուզական մտերմության մթնոլորտ, լիարժեք պահպանել տեսողական կոնտակտը: Թեպետ ընթերցումն էլ հնարավորություն է տալիս երեխային ներխուժել գրքերի աշխարհ:
Այդուհանդերձ երկու դեպքում էլ անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ ստեղծել՝ հարմարավետ սենյակ, փափուկ բազմոց, բարձեր: Ծնողը և երեխան միասին են նստում, ցանկալի է, որ ծնողը մի թեթև գրկի երեխային: Ծնողը պետք է խոսի հանգիստ, ոչ բարձր ձայնով: Չզարմանաք, եթե երեխան խնդրի նույն հեքիաթը մի քանի անգամ կարդալ: Համբերությամբ լցվեք և կատարեք նրա խնդրանքը: Հնարավոր է, որ հեքիաթը կօգնի երեխային լուծել իր համար տվյալ պահին կարևոր խնդիրներ:

ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀԵՔԻԱԹՆԵՐ ՊԱՏՄԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հեքիաթների թերապևտիկ ներգործության հաջողությունը մեծամասամբ կախված է արդյունավետ ներկայացման գործընթացից: Հեքիաթը պատմելու հիմնական կանոններից կարելի է առանձնացնել՝

  1. Երեխայի համար անվտանգության գոտու ստեղծումը: Հեքիաթի բովանդակության մեջ կարող են համադրվել իրական և հորինված իրադարձություններ, հերոսները կարող են վերցված լինել կյանքից, լինել սիրելի գրքերի կամ մուլտֆիլմերի հերոսներ, խոսող առարկաներ և այլ երևակայական օբյեկտներ: Դա երեխային հնարավորություն է տալիս գտնվել «անվտանգության գոտում», նա իրեն ո՛չ մեղավոր է զգում, ո՛չ էլ վախենում է: Նա պարզապես լսում է հեքիաթը, ինչ որ նոր բան է իմանում: Իսկ դա նշանակում է, որ երեխան վերլուծել է լսածը՝ չգտնվելով լարվածության մեջ:
  2. Հեքիաթը պետք է պատմել անկանխամտածված ձևով՝ ոչ թե զրույցի հենց սկզբից, այլ ընթացքում:
  3. Հեքիաթը պետք է լավ հիմնավորում ունենա: Կարելի է այն սկսել հետևյալ խոսքերով՝ «Իմ ծանոթ աղջիկներից մեկի տան պատուհանագոգին հենց այսպիսի ծաղիկ կար դրված…». «Ես ծանոթ հեքիաթագիր ունեմ, ով «Կոշկավոր կատուն» հեքիաթի շարունակությունն է հորինել…» , «Այսօր առավոտյան հեռուստացույցով մի հաղորդում տեսա…» և հետո միայն շարունակել պատմությունները, եթե այնպես պատմեք, որ հեքիաթը վստահություն առաջացնի, երեխան հետաքրքրությամբ կլսի այն:
  4. Երբեք հեքիաթը ավարտելուց անմիջապես հետո մի՛ վերլուծեք և քննարկեք այն: Ժամանակ տվեք երեխային վերլուծել այն, նույնականացնել իրեն հերոսների հետ:
  5. Մի՛ ծանրաբեռնեք երեխային թերապևտիկ հեքիաթներով, որպեսզի նա չկորցնի հետաքրքրությունը:

Հեքիաթի խմբային հորինում

Նա, ով սկսում է խմբային հորինումը, ասում է առաջին նախադասությունը: Խմբի հաջորդ մասնակիցը շարունակում է հեքիաթը մեկ կամ երկու նախադասությամբ և այսպես շարունակաբար: Ցանկալի է, որ խմբային հեքիաթը ամփոփվի ոչ ավել, քան երեք շրջանի մեջ և ունենա ավարտ:

Հնարավոր է հորինել և պատմել «պատկերազարդ» հեքիաթներ, երբ մասնակիցները իրենց հեքիաթից թղթի վրա հերթականությամբ նկարում են մի հատված: Այս միջոցը թույլ է տալիս մշակման ենթարկել հետևյալ կարևոր պահերը.

  • հիշողության և ուշադրության կամայական զարգացում,
  • ֆանտազիայի և երևակայության զարգացում,
  • սեփական մտքերի արտահայտման կարողության զարգացում,
  • լսելու ունակության զարգացում,
  • կիրառական ստեղծագործության ունակությունների կատարելագործում:

Խմբային նկարչության գործընթացը տալիս է կարևոր տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են բաշխվում դերերը խմբում, ով է լիդեր, ով է հետևորդ, ով է ձգտում արժանանալ բոլորի ուշադրությանը, ով է ուզում մնալ ստվերում, ով է ցանկանում իրենը պարտադրել, ով է շրջապատին լսում և այլն: Բացի դրանից, նկարչության աշխատանքին հետևելը տեղեկացնում է խմբի միասնական լինելու մասին: Եթե նկարում են «մեկուսացված», այսինքն չեն ձգտում «մտցնել» իրենց նկարածը նախորդ նկարածների մեջ, ապա ավելի շուտ կարելի է խոսել որոշակի չարակամության կամ զգուշավորության, կամ էլ այն մասին, որ մասնակիցները ունեն եսակենտրոնություն: Այն բանից հետո, երբ Հեքիաթային երկիրը պատկերված է թղթի վրա, կարելի է շարունակել երկու տարբերակով.

  • սկսել համատեղ հորինել, հերթականությամբ, ինչ կար այդ երկրում, ինչ է տեղի ունենում այնտեղ հիմա և ինչ կարող է տեղի ունենալ հետո,
  • խնդրել երեխաներին վերցնել նախօրոք բերված խաղալիքները, դրանցով հեքիաթ հորինել այդ հեքիաթային երկրում տեղի ունեցածի մասին:

Պետք է նշել, որ խաղալիքների հետ «ծանոթությանը» հարկավոր է նվիրել մի ողջ պարապմունք, քանի որ երեխաները շատ են սիրում պատմել իրենց խաղալիքների մասին և այդ պատմությունները հազվագյուտ տեղեկատվություն են պարունակում երեխայի ներքին աշխարհի և դրանցից յուրաքանչյուրի փոխազդեցության ուղիների մասին:

Երեխաներն օգտագործելով միևնույն խաղալիքը տարբեր իրավիճակներում, հարկադրված սովորում են միևնույն երևույթը դիտել տարբեր տեսանկյունից: Եվ ամենագլխավորը, որոշ ժամանակ իրեն նույնացնելով խաղալիքի հետ ու միասին նրա հետ մասնակցելով բազմաթիվ իրավիճակների, երեխան ձեռք է բերում կյանքի փորձ, բազում արարքների մոդելներ խաղում, սովորում ինքնուրույն ելքեր գտնել դժվար իրավիճակներից, սովորում գնահատել համամարդկային արժեքները և դրանց հասնելու միջոցները:

Հեքիաթների ցանկ՝

3-10 տարեկան երեխաների համար

Աղբյուր՝

  • Ղազարյան Գ.Հ., Գալստյան Ա. Ս., Մուրադյան Ե.Բ., Հեքիաթաթերապիայի տեսություն ու պրակտիկա
  • Р. М. Ткач, Сказкотерапия детских проблем

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s