Մի ցուցահանդեսի պատմություն

Դեկտեմբեր 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ, «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը» մեկնարկեց Հաշմանդամության խնդիրների զանգերի կենտրոն ծրագիրը, որի նպատակն է անվճար հիմունքներով տրամադրել սոցիալական, բժշկական, իրավական, հոգեբանական տեղեկատվություն: Ծրագրի մեկնարկի հետ կապված նախատեսված էր նաև ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, ուստի ցուցահանդեսի մի հատվածում տեղ գտան կրթահամալիրի կրտսեր և միջին դպրոցների սովորողների պատրաստած բարիքները՝ Սեբաստացի գինին նկարազարդված սովորողների ձեռքով, կրտսեր դպրոցների պատրաստած թթուն, կրթահամալիրի փայտամշակման, քանդակի, բրուտանոցի լաբորատորիաներում պատրաստված աշխատանքները, նկարազարդված հին ափսեներ, էկոպայուսակներ, ինչպես նաև բուսաբուծության լաբորատորիայի կողմից մշակված որոշ բույսեր:

Ցուցահանդես-վաճառքում ցուցադրված էին նաև N14 հատուկ դպրոց-ի, Apricot — Armenian Handmade Souvenirs-ի, Հայաստանի Խուլերի Միավորում / Armenian Deaf Association «ADA»-ի ձեռագործ աշխատանքները, իսկ ներկա գտնվողների հետ ծանոթությունն ու շփումը աննկարագրելի զգացողություններ արթնացրեց, ինչու չէ նաև նոր համագործակցությունների մտքեր տվեց:

Մեզ հետ էր նաև ավագ դպրոցի սովորող՝ Ռուզաննա Ղազարյանը, ով նման հանդիպումների ակտիվ մասնակից է: Ռուզաննան հանդիպեց իրեն ծանոթ մարդկանց, նաև ծանոթացավ այլ անձանց հետ ու ներկայացնելով մեր ցուցահանդեսի իրերը պատմեց կրթահամալիրի մասին: Շատ գեղեցիկ էր այն պահը, երբ Ռուզաննան օգնում էր թիվ 14 հատուկ դպրոցի երեխաներից մեկին շոշափելով ճանաչել ցուցահանդեսի իրերը, ով մեծ սիրով ու հետաքրքրությամբ լսում էր Ռուզաննային և հարցեր տալիս:

Ցուցահանդեսի այցելուները հետաքրքրված էին կրթահամալիրի իրերով և գնեցին իրենց հավանած իրերը:

Оставьте комментарий